Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությունը հետաձգվել է: Մրցույթում հաղթողի անունը պետք է հայտարարվեր այսօր՝ մարտի 11-ին, սակայն Հանրային ռադիոյի տնօրենին ընտրող մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Երվանդ Երզնկյանը դիմել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` առաջարկելով մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման եւ մրցույթում հաղթողի որոշման կայացման ժամկետը երկարացնել եւս 20 աշխատանքային օրով:
Նման որոշման պատճառը թերեւս մրցույթի մասնակիցների մեծ թիվն է (30 անձ): Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Հանրային հեռուստառադիոխորհրդի հանձնաժողովի քարտուղար Լեւոն Գալստյանը: ՀՌՀ քարտուղարի փոխանցմամբ՝ վաղը՝ մարտի 12-ին, ժամը 11:00-ին մրցույթի մասնակիցները հերթով կհրավիրվեն հանձնաժողովի անդամների մոտ, ընդհանուր կզրուցեն, ավելի մանրամասն կծանոթանան յուրաքանչյուրի ներկայացրած ծրագրին, որպեսզի կարողանան ավելի հստակ պատկերացում կազմել:
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը մարտի 4-ն էր: Հիշեցնենք, որ ռադիոյի տնօրենին ընտրող մրցութային ժամանակվոր հանձնաժողովի նախագահն է կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը: Հանձնաժողովի կազմում են՝ կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, հաղորդավար, դերասան, թարգմանիչ ու ասմունքող Սարգիս Նաջարյանը եւ Հ1-ի ծրագրերի նախկին տնօրեն Մարատ Օրդյանը: