Հոկտեմբերի 29-31-ը՝ մեկ տարվա դադարից հետո, անցկացվեց «ԴիջիԹեք-2021» ամենամյա ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ։ Ցուցահանդեսը կազմակերպել էր «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը»։ Infocom-ը պատմում է ցուցահանդեսում ներկայացված կրթական նախագծերից մի քանիսի մասին։
«Uteach»․ հարթակ դասավանդողների համար
«Uteach»-ը դասավանդման հարթակ է հեռավար կրթություն իրականացնող դասավանդողների համար։ Դասավանդողները հարթակի միջոցով կարող են ստեղծել իրենց սեփական կայքը, որոշել կայքի դիզայնը, ինչի համար տեխնիկական գիտելիքներ չեն պահանջվում։
«Uteach»-ը հնարավորություն է տալիս կայքում ստեղծելու վիդեոդասեր, կազմելու թեստեր, որոնց ստուգումն ավտոմատ է իրականցվում, գեներացնելու սերտիֆիկատներ ուսանողների համար։ Դասավանդողները կարող են նաև լայվ դասեր անցկացնել։ Դասընթացների համար վճարները ևս իրականացվում են «Uteach»-ի միջոցով։
Լուսանկարը՝ «Uteach»-ի ֆեյսբուքյան էջից
Բացի հեռավար դասերից՝ «Uteach»-ը նաև բլոգ վարելու հնարավորություն է տալիս։
Այս պահին կրթական հարթակի մոբայլ հավելված ստեղծելու աշխատանքներ են իրականացվում։
Ավելի քան 10 հոգանոց թիմ ունեցող «Uteach»-ը որոշել է միջազգային հարթակ դուրս գալ և հայկական արտադրանքն այնտեղ ներկայացնել։
«Թումո լաբեր»․ անվճար կրթություն՝ 18 տարեկանից բարձր անձանց համար
ԵՄ Թումո համալիրի «Թումո լաբեր» (Tumo labs) կրթական ծրագրին կարող են դիմել 18 տարեկանից բարձր անձինք և շաբաթը 7 օր՝ օրը 24 ժամ, անվճար կրթություն ստանալ։ «Թումո լաբերում» կրթությունը ենթադրում է ուղղորդված ինքնուսուցում և նախագծային ուսուցում։
Ուղղորդված ինքնուսուցման դեպքում դիմողները հաշիվ են բացում, ընտրում, թե ինչ պիտի սովորեն (JavaScript, Python, մեքենայական ուսուցում և այլն), և ստանում դասընթացների ցանկ, որի օգնությամբ սովորում են նախընտրած ուղղությունը։
«Թումո լաբեր»-ը հայկական («Krisp») և արտասահմանյան («SpaceChain», SAP) ՏՏ ընկերությունների, ինչպես նաև համալսարանների հետ գործնական նախագծեր է իրականացնում։
Այս նախագծերին դիմած ուսանողները 3-6 ամիս աշխատում են գործնական նախագծերի վրա և «Թումո լաբեր»-ի հետ համագործակցող ընկերություններում աշխատանքի անցնելու հնարավորություն ստանում։
Լուսանկարը՝ TUMO Labs ֆեյսբուքյան էջից
«Թումո լաբեր»-ի և «Օգնի» (Oqni) ընկերության համատեղ նախագծի ընթացքում ուսանողները ստեղծում են մեխանիկական ու բիոնիկ պրոթեզներ: Մեխանիկական պրոթեզների նախատիպերն արդեն կան, այս պահին աշխատանքներ են տարվում բիոնիկ պրոթեզների ուղղությամբ։
«Թումո լաբերի» ուսանողների խմբերից մեկն էլ Ագրարային համալսարանի հետ ջերմոցների ջրային մատակարարման ավտոմատ համակարգ է ստեղծել։
«42 Երևան»․ ծրագրավորման անվճար դպրոց
ԵՄ Թումո համալիրի մեկ այլ նախաձեռնություն է «42 Երևան» ծրագրավորման դպրոցը: Դպրոցում չկան դասավանդողներ, այստեղ գործում է «ընկերն ընկերոջ հետ» ուսումնական մեթոդը։ «42 Երևան» հաճախող ուսանողներն ընտրում են ազատ համակարգիչ, մուտք են գործում ծրագիր, ինքնուրույն աշխատում են տարբեր նախագծերի վրա և սովորում են ծրագրավորում։ Հարցեր ունենալու դեպքում նրանք դիմում են մյուս ուսանողներին։ Քանի որ մասնակիցների մեջ կան և՛ սկսնակներ, և՛ արդեն փորձ ունեցող ծրագրավորողներ, որոնք ցանկանում են գիտելիքները խորացնել, ուսանողները, միմյանց օգնելով, գտնում են իրենց հարցերի պատասխանները։
«42 Երևան» ծրագրավորման դպրոցում սովորելու համար նախ պետք է անցնել ընտրության փուլը, որը տևում է մեկ ամիս։ Ընտրության փուլը հաջող անցնելուց հետո սկսվում է հիմնական փուլը, որի ընթացքում նաև տարբեր կազմակերպություններում փորձաշրջան անցնելու հնարավորություն կա։
«Mamble labs»․ տեսականից՝ գործնականի անցում ՏՏ ոլորտում
Հայկական «Mamble» կազմակերպության «Mamble labs» կրթական ծրագրի նպատակը ՏՏ ոլորտի կադրեր պատրաստելն է։ Ծրագրին դիմելու տարիքային սահմանափակումներ չկան․ միակ պահանջը ՏՏ ոլորտի բազային և ընտրված մասնագիտության տեսական գիտելիքներ ունենալն է:
Ծրագրի ընթացքում դիմողները «Mamble labs»-ում երեք ամիս փորձաշրջան են անցնում, որի ընթացքում մենթորների գլխավորությամբ աշխատում են «Mamble»-ի ներքին նախագծերի վրա։
Լուսանկարը՝ «Mamble»-ի ֆեյսբուքյան էջից
Փորձաշրջանին (internship) հաջորդում է juniorship-ի մեկամյա ծրագիրը, որի ընթացքում ուսանողներն աշխատում են «Mamble»-ի գործընկեր կազմակերպությունների նախագծերի վրա: «Mamble labs»-ը փնտրում է այնպիսի գործընկերների, որոնք իրենց որոշ նախագծերի իրականացումը կվստահեն փարձաշրջան անցնողներին։ Դրանք կարող են լինել նախագծեր, որոնք, օրինակ, տվյալ կազմակերպությունը չի հասցնում իրականացնել սեփական ռեսուրսներով: Աշխատանքի որակը չի ընկնում, քանի որ «Mamble labs»-ում փորձաշրջան անցնողների հետ աշխատում են ավագ մասնագետ-մենթորները։
Ուսանողներն իրենց աշխատանքի համար վարձատրվում են, իսկ ծրագիրն ավարտելուց հետո «Mamble»-ի և գործընկեր կազմակերպությունների գրասենյակում աշխատանքի անցնելու հնարավորություն ստանում։
Գլխավոր լուսանկարը՝ DigiTec ֆեյսբուքյան էջի
Աննա Սահակյան