ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարությունը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ու ԲՀԿ-ի համար մտահոգիչ է։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամին խմբակցություններն անդրադարձան համանախագահների հայտարարությանը։
«Այն ոչ առաջին հայտարարությունն է, որը մտահոգիչ է, ոչ էլ, կարծում եմ, վերջինն է լինելու: Ամենամտահոգիչ ձևակերպումը հայտարարությունում այն է, որ ասվում է՝ ԼՂ իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, սա, ըստ էության, հակասում է հայկական կողմի նախկինում պահված սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են, և դա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Մեր կողմը պնդել է, որ դա տեղի ունեցած փաստ է, և հիմա կրկին խնդրել, որ նման հանրաքվե պետք է անցկացնել, նշանակում է հաշվի չառնել այն հանրաքվեն»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանի համոզմամբ՝ ԱԳ նախարարն ու վարչապետը պետք է բանակցությունների ընթացքում շարունակեն պնդել, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան։
«Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա, Ադրբեջանում էլ Արցախը դեռ ճանաչող չկա: Այս առումով կարևոր է բանակցել, որովհետև ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան իրար վրա կրակելը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման մասին՝ ընդգծելով, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ենթադրում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշման իրավունք։