armtimes.com: Երեկ երեկոյան, երբ Երեւանի քաղաքապետարանն աապօրինի շինությունների քանդման հերթական աշխատանքներն է իրականացրել, լարված իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքի 7-րդ զանգվածում։
Քաղաքացիները փորձել են թույլ չտալ, որ քանդեն Նոր Նորքի Հունան Ավետիսյան 5 հասցեում գտնվող 2 քարե շինությունները, որոնք ծառայել են որպես ավտոտնակ: Քանդման աշխատանքները խոչընդոտող քաղաքացիների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել:
Համացանցում են հայտնվել կադրեր, որտեղ երեւում է՝ ինչպես է ոստիկանը հարվածում քաղաքացիներից մեկին: Մեկ հոգի էլ բերման է ենթարկվել ոստիկանություն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնեց՝ կատարվածի առիթով, ոստիկանապետի հանձնարարությամբ, ծառայողական քննություն է նշանակվել։
«Երեւանի քաղաքապետարանի քանդման աշխատանքներ է կատարել, ոստիկանությունն էլ, ինչպես միշտ, հասարակական կարգն է ապահովել։ Բերման ենթարկված անձն արձանագրության կազմումից հետո բաց է թողնվել»,- ասաց Ջանոյանը։