Անկախ դիտորդ դաշինքն ահազանգ է ստացել, որ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի կադրերի բաժնից զանգահարել են նույն պոլիկլինիկայի աշխատակցին և պահանջել, որ ներկայանա քվեարկության և քվեարկի Շիրակի մարզպետ, համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածու Հովհաննես Հարությունյանի օգտին։ Քաղաքացուն զգուշացրել են, թե իբր կպարզեն՝ ում օգտին է քվեարկել։
«Ի գիտություն, Ընտրողին այս կամ այն կերպ քվեարկելուն հարկադրելը և ընտրողի քվեարկության գաղտնիությունը խախտելը պատժվում են Քրեական Օրենսգրքի համապատասխանաբար 154․2 և 154 հոդվածներով»,- նշված է դաշինքի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում և Դիլիջանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ։