Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում մեկնարկել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճը․ 10 քաղաքական ուժերից 8-ը մասնակցում են այսօրվա բանավեճին։
Բանավեճին ներկա է «Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցության առաջին համար Հովհաննես Մարգարյանը։
Նախընտրական բանավեճին մասնակցում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համար, Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանը, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության առաջին համար Վարդևան Հակոբյանը Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին համար Կոնստանտին Ղավազյանը, «Գյումրին կռնա՛» դաշինքը գլխավորող Վարդան Սրտաշյանը։
«Թասիբով» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները նույնպես ներկա են։
ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը հրաժարվել է մասնակցել բանավեճին՝ այլ զբաղվածություն ունենալու պատճառով, իսկ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը գլխավորող Վարդգես Սամսոնյանը չի մասնակցում բանավեճին, քանի որ վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել է։
Նշենք, որ այսօր քարոզարշավի վերջին օրն է։ Գյումրում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 17-ին՝ համամասնական ընտրակարգով։