tert.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանների միջնորդությունը և 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին։ Այս մասին հայտնեց Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Էմին Խաչատրյանը նշեց, որ միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վերացել է գործին խոչընդոտելու ռիսկայնությունը։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սիսիանի արդեն նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով: