hetq.am: Լիբանանի ողջ տարածքում կիրակի՝ հոկտեմբերի 10-ին, վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումն այն բանից հետո, երբ զինվորականները վառելիք են մատակարարել երկրի երկու հիմնական էլեկտրակայանների համար։ Այդ մասին հայտարարել է Լիբանանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Վալիդ Ֆայադը։
«Ցանցը վերադարձել է նորմալ աշխատանքի, ինչպես դա կար մինչ այն պահը, երբ վերջացել էր վառելիքը «Դեյր Ամար» և «Ալ Զահրանի» էլեկտակայաններում»,- նշել է նա։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Լիբանանի բանակին՝ 6 միլիոն լիտր վառելիք տրամադրելու համար, որը հավասարաչափ բաժանվել է երկու էլեկտրակայանի միջև։ Սակայն էլեկտրաէներգիայի մատակարարումը նախկինի պես հասանելի կլինի օրական մի քանի ժամ, ինչպես դա եղել է վերջին ամիսներին։
Էլեկտրաէներգիայի EDL պետական ընկերությունը ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա ժամերին նախատեսվում է վառելիքի խմբաքանակի մատակարարում, սակայն բեռնաթափումը տեղի կունենա միայն մի քանի օրից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին դադարեցվել էր Լիբանանի ամենախոշոր «Ալ Զահրանի» և «Դեյր Ամար» էլեկտրակայանների աշխատանքը, ինչը հանգեցրել էր երկրի ողջ տարածքում էլեկտրականության անջատմանը։