tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը պատրաստվում է հոկտեմբերի 2-ին հայրենիք վերադառնալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, ձերբակալվելու է այն պահին, երբ ոտք դնի Վրաստանի տարածք: Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Հենց որ Սաակաշվիլին ոտք դնի մեր հողին, տարածքին, հենց այդ պահին նրան կձերբակալեն և կտանեն բանտ: Եվ յուրաքանչյուր ոք, ով կխոչընդոտի այս գործընթացին, նույնպես կպատժվի օրենքի շրջանակներում ամենախիստ ձևով», – ասել է Ղարիբաշվիլին:
Վարչապետը վստահ է, որ Սաակաշվիլիի նպատակը իշխանությունը վերադարձնելն է, սակայն նա հիշեցրել է, որ փողոցում 2003 թվականը չէ, երբ նախկին նախագահը իր համախոհների հետ միասին «վարդերի հեղափոխություն» կազմակերպեց Վրաստանում և այդպիսով եկավ իշխանության:
«Սաակաշվիլիի միակ խնդիրն ու նպատակը անկարգություններն են, ապակայունացումն ու քաոսը մեր երկրում: Նրա միակ ցանկությունն է վերականգնել իշխանությունը, սա անհասանելի երազանք է Սաակաշվիլիի և նրա թիմի համար: Այսօր պետությունն ուժեղ է, Միխոն ու իր բանդան թող չմտածեն, որ սա 2003 թ.-ն է: Բոլորը խստորեն պատասխան են տալու ցանկացած սադրանքի համար, իհարկե, օրենքի շրջանակներում », – եզրափակել է նա:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն Ուկրաինայում բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարն է, ասել է, որ հոկտեմբերի 2-ին կվերադառնա Թբիլիսի: Այդ օրը երկրում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:
«Իհարկե, ինչպես ասացի, ես հոկտեմբերի 2-ի երեկոյի տոմս եմ վերցրել, որպեսզի ձեզ հետ լինեմ Թբիլիսիում և պաշտպանեմ ձեր կամարտահայտումը, ինչպես նաև մասնակցեմ Վրաստանը փրկելուն», – ասել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան տեսաուղերձում: