armtimes.com: Այսօր ԵԿՄ վարչության մուտքի մոտ 44-օրյա պատերազմում անմահացած քաջորդիներին նվիրված խաչքարի բացման արարողություն տեղի ունեցավ:
Միջոցառմանը մասնակցում էին զոհված զինծառայողների հարատազները, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և ԵԿՄ անդամներ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթում նշեց, որ սա շատ խորհրդանշական քայլ է:
«ԵԿՄ-ն մի դարբնոց էր Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Ինչպես սպարապետն էր ասում՝ մենք կարողացանք սիրո և խաղաղության, կյանքը չխնայելու հոգեբանությամբ դուրս գալ պայքարի և ծնկի բերել մեր դարավոր թշնամուն: Եվ այսօր մենք դասեր չենք քաղում: Մենք պարտավոր ենք համախմբվել, կանգնել մեր բանակի կողքին: ԵԿՄ-ն միշտ բանակի կողքին է»:
Միքայելյանն իր խոնրահումը հայտնեց որդեկորույս մայրերին.
«Փառք ու պատիվ ձեր զավակներին, գլուխներդ միշտ բարձր: Մենք ընդամենը պարտվել ենք մարտի դաշտում, ոչ թե պատերազմը: Այդ հույսով ու հոգեբանությամբ պետք է առաջ քայլենք և այս անորոշությունը, հարգելի պետական այրեր, մեր ժողովրդի մեջից հանենք»:
ԵԿՄ նախագահի խոսքով՝ Հայաստանը հնարավոր է՝ նոր պատերազմի առաջ կանգնի:
«Կարող է ոտնձգություն լինել ՀՀ պետական սահմանի նկատմամբ, դրա համար մենք բոլորս պետք է համախմբվենք»,- իր ելույթում ընդգծեց Միքայելյանը: