ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել կատարել բյուջեի վերաբաշխում՝ «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն մանկավարժներին պարգևատրելու նպատակով։
ԿԳՄՍՆ «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում նախատեսում է դրամական պարգևի տեսքով խրախուսել շուրջ 22 ծրագիր, անհատական ծրագրերի դեպքում՝ առավելագույնը հինգ հարյուր հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և տուրքերը), խմբային (երկու կամ երեք մասնակից) ծրագրերի դեպքում՝ առավելագույնը մեկ միլիոն ՀՀ դրամ։
Նախորդ տարի ներկայացվել է 54 ծրագիր, պարգևատրվել են շուրջ 40 ծրագրեր՝ թե՛ խմբային, թե՛ անհատական։
2020 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում 58 մանկավարժ պարգևատրվել է դյուրակիր համակարգիչներով։ Նախարարությունը նպատակահարմար է գտել 2021 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև: Դյուրակիր համակարգիչներով պարգևատրման փոխարինումը դրամական պարգևով պայմանավորված է մանկավարժներին իրենց աշխատանքի արդյունքում ձեռք բերած պարգևն առավել նպատակային և ըստ անհրաժեշտության տնօրինելու հնարավորություն ընձեռելու իրողությամբ։
Այս տարի ստացվել է շուրջ 300 ծրագրային առաջարկ։