ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է 20 տարի առաջ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ հիշեցնելով, որ դրա հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերերի պայթեցումից զոհվել է շուրջ 3000 մարդ:
«Հետահայաց կարող ենք արձանագրել, որ Ամերիկայի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվեց։ 9-րդ ամսվա 11-րդ օրն ահաբեկչություն իրականացնողներին չհաջողվեց կոտրել 911 ծառայության հանդեպ քաղաքացիների վստահությունը։ Միացյալ Նահանգների ահաբեկչական դեպքերից հետո էլ՝ ցավոք ականատեսն ենք բազմաթիվ ահաբեկչությունների, անդառնալի մարդկային կորուստների»,-նշել է Սիմոնյանը:
ԱԺ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանը միացել է ահաբեկիչների դեմ պայքարի և աշխարհն առավել անվտանգ դարձնելու համաշխարհային օրակարգին՝ շեշտելով, որ համընդհանուր չարիքի կանխարգելումն ու կանխումն առաջնահերթություն է։
«Խոնարհվում ենք մարդկությանը պատուհասած աղետի անմեղ զոհերի հիշատակին»,-եզրափակել է Ալեն Սիմոնյանը: