tert.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ մերժել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ նրա՝ դատարանի 3 էջից բաղկացած որոշումն անհիմն է։
«Ծանոթացել եմ որոշմանը, միանշանակ բողոքարկելու ենք այն։ Ընդամենը 2 պարբերությամբ ասվում է, որ մնալով ազատության մեջ՝ կարող է խոչընդոտել գործի ընթացքին»,-ասաց նա՝ հավելով՝ դատարանը վկայակոչել է մեղսագրվող արարքի ծանրությանը, ինչը հիմք չէ, տարր է։
Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ գործով բոլոր վկանները, այդ թվում՝ Լուսինե Ավետյանը հարցաքննվել են: Ըստ նրա՝ իմաստ չկա խոսելու գործով անցնող վկաների վրա ազդեցության ռիսկի մասին։ Փաստաբանը վկայակոչեց Եվրոպական դատարանի որոշումներն այն մասին, որ դատաքննության փուլում արդեն այդ ռիսկը նվազում է։