Արմեն Սարգսյանը ցավակցել է Ալեքսանդր Թոփչյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսանդր Թոփչյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից: 

Ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Խոր ցավ ապրեցի՝ լսելով թարգմանիչ, գրաքննադատ, գրականագետ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ալեքսանդր Թոփչյանի մահվան մասին։

Ալեքսանդր Թոփչյանն իր կյանքով և ստեղծագործական գործունեությամբ գրական ու գրականագիտական մի քանի սերնդի ներկայացուցիչ էր և միաժամանակ, մի քանի սերնդի գրական ու գեղարվեստական բարձր ճաշակ ձևավորող։

Բառի ու բանի նրա յուրահատուկ զգացողության շնորհիվ են հայերեն թարգմանությամբ մեզ հասանելի դարձել ֆրանսիական և ռուսական գրականության լավագույն շատ նմուշներ։ Դրանք մնայուն վկայությունն են այն բանի, որ Ալեքսանդր Թոփչյան թարգմանիչն իսկապես անգնահատելի ավանդ ունի մեր մշակութային միջավայրում, որի ինքնատիպ մասն են նաև նրա իսկ գրչին պատկանող բազմաժանր գրքերը, գրականագիտական ու գրաքննադատական վերլուծություններն ու հոդվածները։

Իր ողջ կյանքի ընթացքում նա արժանապատվորեն կատարեց արվեստի ու մշակույթի նվիրյալի իր առաքելությունը և իր գրական վաստակը որպես լուսավոր հետք թողեց արվեստասեր ու արվեստագետ հանրության հիշողության մեջ։

Խորին ցավակցություններս ու մխիթարության խոսքերս եմ հղում Ալեքսանդր Թոփչյանի ընտանիքին, հարազատներին ու գրչակից ընկերներին»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով