Սեւանա լճից 2021 թվականին լրացուցիչ ջրառ կատարելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել էր մինչեւ 75 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրառի իրականացում, որից օգոստոսի երրորդ տասնօրյակի ընթացքում արդեն բաց է թողնվել 18 միլիոն 571 հազար խորանարդ մետր ջուր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ Սեւանա լճից այս տարվա ընթացքում ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 189 միլիոն 571 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 63 սանտիմետր բարձրության վրա, ինչը 6 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից։
«Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սեւանա լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրառի չափաքանակ է սահմանված մինչեւ 170 միլիոն խորանարդ մետրը։