azatutyun.am: Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանը վաղը կհանդիպի «Թալիբան» շարժման համակարգողի հետ՝ ռուսական դեսպանատան անվտանգությանը վերաբերող հարցերը քննարկելու։
«Կառավարական զորքերն արդեն լքել են մեզ», – այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։
Քաբուլովը միաժամանակ պնդել է, թե Ռուսաստանը չի շտապի թալիբների իշխանությունը ճանաչելու հարցում։ «Ամեն բան կախված է նրանց գործողություններից, մենք ուշադրությամբ կհետևենք նոր իշխանությունների քայլերին, և կանենք համապատասխան հետևություններ», – ասել է նախագահ Պուտինի հատուկ հանձնակատարը։
Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշմամբ, «Թալիբան» շարժումը 2003 թվականին ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը Ռուսաստանում արգելված է։