Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարություն է տարածել, որ լքել է երկիրը՝ արյունահեղությունից խուսափելու համար։ Այս մասին գրում է AFP-ն։
Իր ֆեյսբուքյան էջում Հանին ասել է, որ կանգնած է եղել դժվարին որոշման առջև, քանի որ վտանգված է Քաբուլի միլիոնավոր բնակիչների ճակատագիրը և քաղաքի անվտանգությունը 20-ամյա պատերազմից հետո, որն արդեն անհամար զոհեր է տվել:
«Արյունահեղությունից խուսափելու համար ես մտածեցի, որ ավելի լավ է հեռանամ»,- նշել է նա:
Նա հավելել է, որ Թալիբանի մարտիկները, որոնք մտել են Քաբուլի նախագահական պալատ, պատմական փորձության առաջ են կանգնած։
«Թալիբանը հաղթանակ տարավ սրի և զենքի վճռով․ նրանք պարտավոր են պաշտպանել մեր հայրենակիցների պատիվը, բարգավաճումն ու ինքնահարգանքը»,- ասել է Աֆղանստանի նախագահը:
Նա մանրամասներ չի հաղորդել իր գտնվելու վայրի մասին: