Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ ավարտվել է «Քայլ դեպի տունը» ծրագիրը։
«Ավարտվեց սփյուռքի պատանիների ամենասիրելի ծրագիրը՝ «Քայլ դեպի տունը»: Ընդհանուր առմամբ այս տարի ծրագրին մասնակցեց շուրջ 360 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 25 երկրից:
Վերջին փուլի մասնակիցներին հաջողություն մաղթեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի նրանց համար:
Փակման արարողության ընթացքում մասնակիցները երգեցին, պարեցին, կիսվեցին իրենց տպավորություններով և վառեցին ավանդական դարձած շուրջպարի խարույկը: Ծրագրի փակմանը մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ «Քայլ դեպի տուն»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրն է, որի կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը»,-հայտնում է գրասենյակը։