tert.am: «Թալիբան» արմատական շարժումը վերահսկողություն է հաստատել Աֆղանստանում Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանների վրա, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Ինչպես նշում է kommersant.ru–ն, նա ասել է, որ թալիբները խոստացել են չանցնել սահմանները և չհարձակվել հարակից տարածքների վրա: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կշարունակի համատեղ վարժանքներ անցկացնել:
«Մեզ համար կարևորն այն է, որ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանը ևս վերցվել է թալիբների վերահսկողության ներքո», – ասել է Շոյգուն «Իմաստների տարածք» երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցներին:
Նա հիշեցրել է, որ օրերս թալիբները գրավել են Կունդուզը` «բավականին մեծ ու լուրջ կենտրոն»:
Պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանը Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար «ուղղակի ագրեսիայի դեպքում»: Նա կարծում է, որ ՀԱՊԿ երկրներին անհրաժեշտ է Աֆղանստանի ուղղությամբ Ռուսաստանի օգնությունը: Նրա կարծիքով, տվյալ դեպքում հարցը վերաբերում է Ռուսաստանի ռազմական անվտանգությանը: