Թուրքիան զինվորականների է ուղարկում հարավային տուրիստական շրջաններում հրդեհների դեմ պայքարելու համար |factor.am|

factor.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը զորք է ուղարկել՝ անտառային հրդեհների դեմ պայքարում հրշեջներին օգնելու համար։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը։

Նախարարությունը հայտնում է, որ 400 զինծառայող է ուղարկվել տուժած շրջաններ, ինչպես նաև տեխնիկա՝ 4 ուղղաթիռ ու ավելի քան 50 հրշեջ մեքենա։

Կառավարությունից հայտնել են, որ երկրի հարավում տարածված հրդեհների մեծ մասը հաջողվել է մեկուսացնել։ Միլաս նահանգում՝ Բոդրումից հյուսիս-արևելք, կրակը դեռևս վերահսկողությունից դուրս է և արդեն սպառնում է տներին։

Թուրքիան հրդեհների դեմ պայքարում է ընդամենը մի քանի ինքնաթիռներով, ինչն էլ հարուցել է մարդկանց դժգոհությունը։ Հանգստյան օրերին Կառավարությունը դիմել էր ԵՄ-ին, որը 4 ինքնաթիռ է ուղարկել օգնության համար։ Մի քանի ինքնաթիռ էլ օգնության է եկել Ռուսաստանից ու Ադրբեջանից։

Նշվում է, որ Անթալիայից հյուսիս-արևելք գտնվող Գյոնդողմուշ քաղաքում հրշեջները մասամբ վերահսկողության տակ են վերցրել կրակը, իսկ ահա Միլասում իրավիճակը շատ լուրջ է։

«Կրակը հատել է կրիտիկական շեմը և հասել տներին։ Ակնհայտ է՝ դա տեղի կունենա։ Զայրույթից լաց եմ լինում»,- թվիթերյան իր էջում գրել է Միլասի քաղաքապետ Մուհամեդ Թոքաթը։

Նշենք, որ հրդեհները խլել են 8 մարդու կյանք, բացի այդ՝ սպառնում են երկրի զբոսաշրջային արդյունաբերությանը։ Թուրքիան ապավինում էր զբոսաշրջությունից ստացվող եկամուտներին՝ օգնելու տատանվող լիրային, որը վերջին 3 տարիներին կանոնավորապես նվազում է։ Որոշ զբոսաշրջիկներ արդեն լքել են տուժած շրջանները։ Երկրի հարավ-արևմուտքում գտնվող հյուրանոցներում զբաղվածության մակարդակը նվազել է մոտ 10 տոկոսով, նախնական ամրագրումներն էլ դադարեցվել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով