ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Նախագահը ծանոթացել շրջանում ընթացող շինարարական աշխատանքներին, Մարտակերտ քաղաքում շրջանի ղեկավարության և համայնքապետների հետ քննարկել է առկա խնդիրները ու տվել մի շարք հանձնարարականներ:
Երկրի ղեկավարը ներկայացրել է Մարտակերտ քաղաքի զարգացման տեսլականը՝ նշելով, որ առաջիկայում Մարտակերտը պետք է դառնա հանրապետության երկրորդ խոշոր բնակավայրը: Դրան հասնելու համար մշակվում են տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման նախագծեր:
Քաղաքի հիմնական խնդիրը բնակարանայինն է: Նախագահը մարտակերտցիներին առաջարկել է որոշումներ կայացնել 1990-ականների պատերազմից մնացած ավերակները վերակառուցելու կամ դրանց տեղում նոր բնակարաններ կառուցելու վերաբերյալ: Առաջիկայում Մարտակերտը առնվազն 500 նոր բնակարան կունենա: