armenpress.am: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Տոկիոյի Խաղերի 109 կգ քաշային կարգում գրանցած արդյունքը կապում է իր սխալների հետ:
«Շատ դժվարությամբ եմ քաշս գցում, արագ գցել չի ստացվում: Ոչ մարզիչներն են մեղավոր, ոչ էլ մյուսները: Պարզապես թույլ էի զգում այսօր ինձ: Չստացվեց: Այսօր այդ օրը չէր»,- Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Նա շեշտեց, որ մարզումների ժամանակ, երբ իր քաշը 116 կգ է, ինքը բարձրացնում է այն քաշերը, որոնք պատվիրել էր երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ:
«Ես ավելի լուրջ մրցակցության էի սպասում, իմ նախատեսածից քիչ հանեց, բայց պարզապես ես վատ մասնակցեցի»,- նշեց նա:
Դիմելով հայրենակիցներին՝ Մարտիրոսյանը խնդրեց շատ չվհատվել և նայել առաջ: