armtimes.com: Քիչ առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարության շենքից դուրս եկան Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանն ու դերասաններ Մարիաննա Դանիելյանը եւ Զառա Հակոբյանը: Հիշեցնենք, որ նրանք հանդիպման էին նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հետ:
Թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանդիպումը, կարելի է ասել, որեւէ արդյունք չի տվել: «Ես ազնվորեն ասացի, որ մեր պայքարը շարունակելու ենք, իրենք էլ ազնվորեն խոստովանեցին, որ մնալու են իրենց որոշմանը հավատարիմ»,- ասաց Ստեփանյանը:
Նա նաեւ նշեց, որ պահանջ են ներկայացրել առաջին հերթին Կամեռային թատրոնը չմիավորել Պարոնյան թատրոնի կամ որեւէ այլ թատրոնի հետ: Երկրորդ՝ նշել են, որ կան հազարավոր տարածքներ, որոնք կարող են համապատասխանել սիմֆոնիկ նվագախմբի տարածքային պահանջներին եւ երրորդ՝ ասել են, որ պետք չէ տարբեր մշակութային ոլորտների խնդիրները խառնել իրար:
Ստեփանյանը հայտնեց, որ նախարարությունում էլ բավականին հիմնավորված արգումնետներ են առաջ քաշել, ասել, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ կոլեկտիվներ, որոնք ունեն շենքի խնդիր:
«Ես տեղյակ չէի, բայց իրենք թատերական ոլորտի մասնագետների հետ եւս ունեցել են բավականին շատ քննարկումներ: Արդյունքում եկել են այն եզրակացության, որ Պետական կամերային երաժշտական թատրոնն ու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ունեն եզրեր՝ միասին աշխատելու ու ստեղծագործելու: Ես չգիտեմ, թե ովքե՞ր են ոլորտի այն մասնագետները, որ մեր փոխարեն որոշում են կայացրել, բայց եթե ազնվություն ունեն, թող խոստովանեն: Նախարարը մեզ ասաց, որ նախագիծ մշակելու որոշումից առաջ եղել է քննարկում ոլորտի մարդկանց հետ»,- ասաց նա: