tert.am: Գերմանիայի արևմուտքում և Բելգիայում մոլեգնող ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 150-ը, արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են անհետ կորածների որոնման աշխատանքները, հայտնում է The Guardian-ը:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նշել է, որ «ապշած է հեղեղների առաջացրած ավերածության մասշտաբներից»` կոչ անելով «ամեն կերպ օգնել ու աջակցել զոհերի ընտանիքներին և տուժածներին»:
Մինչդեռ երկրի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ կառավարությունը տուժածներին «միայնակ չի թողնի իրենց տառապանքների հետ»` ավելացնելով, որ «ամեն ինչ անում է, որ օգնի նեղության մեջ գտնվողներին»:
Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցինա նահանգի իշխանությունները շաբաթ առավոտյան հայտնել են, որ այնտեղ 93 մարդ է զոհվել, իսկ հարևան Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգում զոհերի թիվը 43-ն է: Պաշտոնյաները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է աճել: Ռեյնլանդ-Պֆալցիայի Ահրվեյլեր շրջանում շուրջ 1300 մարդ մնում է անհայտ կորած:
Ինչ վերաբերում է Բելգիային, ապա այստեղ զոհերի թիվը հասել է 20-ի, անհայտ կորածները ևս 20-ն են: Մահացածների մեծ մասը հայտնաբերվել է Լիեժի շրջակայքում: