tert.am: Եթե Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենար, ապա 270 000 քաղաքացիներին, որոնք մեզ են քվեարկել, հատ-հատ կձերբակալեր: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք մանդատների վերցնելը դիտարկում ենք հետևյալ տեսանկյունից, որ արդյո՞ք այդ մանդատների վերցնելը մեր պայքարի նոր խթան է հանդիսանալու, և արդյո՞ք նպաստելու է մեր պայքարի ընդլայնմանը, այդ տրամաբանությամբ ենք մենք որոշում կայացնելու»,- նշեց նա:
Դաշինքի անդամը նաև ընդգծեց, որ մանդատներն օգտագործելու են այս հայրենադավ իշխանությանը հեռացնելու համար:
«Մենք խորհրդարան անցնելով՝ չենք դառնալու խորհրդարանական ընդդիմություն, և փողոցային պայքարը շարունակվելու է այս իշխանության դեմ, և մենք մեծապես կարևորելու ենք առաջիկայում մեր ժողովրդի ինքնակազմակերպած անհնազանդության ակցիաները»,- ընդգծեց դաշինքի անդամը: