armtimes.com: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը հաստատեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա նշեց, որ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել երեկ առավոտյան, իսկ այսօր արդեն քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատել է այն: Քաղաքապետի խոսնակից հետաքրքրվեցինք՝ Մհրյանի ազտման պատճառն Աջափնյակում կատարվող իրադարձություննե՞րն են, վերջինս բացասական պատասխան տվեց:
«Եթե հիշում եք, երեկ Երեւանի ավագնու նիստում էլ քաղաքապետն արձանագրեց, որ Աջափնյակ վարչական շրջանում դեկտեմբերից իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը՝ համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հողամասի վրա։ Քանդում եւ ապամոնտաժում է իրականացվել 34 հասցեներում»,-ասաց նա:
Դիտարկմանը՝ այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, որ Հայկ Մարությանը չփորձեց պահել իր աշխատանքը լավ կատարող թաղապետին, Կարապետյանը պատասխանեց. «Քանի որ դա պարոն Մհրյանի որոշումն էր: Կարծեմ նա տեղափոխվելու է այլ աշխատանքի»:
Հիշեցնենք՝ Հայկ Մհրյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն էր 2020 թվականի աշնանից: Նշանակվել էր փոխոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո: