Քիչ առաջ Երևանի քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս: Այս մասին հայտնում է ՔՈ ՍԴԿ կուսակցությունը։
«Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին՝ թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային հանձնաժողովը հրաժարվել է:
Առաջացած վիճաբանության արդյունքում Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Դատապարտում ենք նման գործելաոճը, որը հստակ ստվեր է գցելու և կասկածի տակ է դնելու ընտրական գործընթացի թափանցիկությունն ու ստացված արդյունքների հավաստիությունը: Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,- նշված է հայտարարության մեջ։
Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում դեպքից հետո ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել էր իրավիճակը։ Հեռարձակման ժամանակ ընտրատեղամասի ոստիկանության աշխատակիցը հայտնում է, որ վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Սուրեն Սահակյանի և «Պատիվ ունեմ» ու ՔՊ վստահված անձանց միջև։ Նրա խոսքով՝ «իրար վրա աթոռ են շպրտել, ծաղկաման են շպրտել»։