armtimes.com: Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:
Դանիբեկյանը հայտնեց, որ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից ստացել է գրություն, ըստ որի, վերջինս վատառողջ է, ինչի հետևանքով չի կարողացել ներկայանալ այսօրվա դատական նիստին: Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Վարդևանյանից էլ դատարանը ստացել է գրություն, որով Վարդևանյանը տեղեկացրել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը պետք է մասնակցեն միջոցառումների Արարատի մարզի մի շարք քաղաքներում, ինչի արդյունքում նրանք չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին: Նշենք, սակայն, որ Գևորգյանը նիստերի դահլիճում էր:
Դանիբեկյանը հայտնեց, որ ստացել է դիմում նաև մյուս պաշտպան՝ Արամ Օրբելյանի կողմից, ով նշում է, որ այլ գործի շրջանակներում դատական նիստի մասնակցելու պատճառով չի կարող ներկայանալ սույն գործով նիստին:
Գործով դատախազ Պետրոս Պետրոսյանն ի պատասխան այս դիմումների նշեց, որ պատասխանող կողմի չներկայանալն անարգանք է դատարանի և գործին մասնակից անձանց նկատմամբ, քանի որ դատարանը նախորդ նիստին կայացրել էր որոշում, որ քարոզարշավը չի կարող հանդիսանալ խոչընդոտ այսօրվա դատական նիստի կայանալու հարցում:
Գործով մյուս դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ ասաց, որ ներկայացված դիմումներից և ոչ մեկը վստահություն չի ներշնչում.
«Ինչ է նշանակում փաստաբանի օգնականի կողմից դիմում ներկայացնել դատարանին, «խաբար» են էլի ուղարկել, կամ ինչ է նշանակում՝ ես հիվանդ եմ, չեմ գալիս դատական նիստին: Վարդևանյանի ներկայացած դիմումն էլ հակասում է իրականությանը, քանի որ Արմեն Գևորգյանը հիմա ներկա է նիստին: Սրանք միջոցներ են դատական նիստերին հայեցողականորեն մոտենալու»,-ասաց Բաղդասարյանը:
Աննա Դանիբեկյանը որոշեց նիստը հետաձգել եւ այն նշանակել ընտրություններից հետո՝ հունիսի 29-ին, ժամը՝ 13:00-ին, քանի որ հաջորդ երեքշաբթի՝ հունիսի 22-ին, դատավորի խոսքով դեռևս պաշտոնական տեղեկատվություն ընտրությունների արդյունքների վերաբերյալ հնարավոր է չլինեն.
«Եվ դատարանը հնարավոր է ստույգ տեղեկություններ չունենա ամբաստնյալների կարգավիճակի մասին»,-եզրափակեց Դանիբեկյանը: