hetq.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր քարոզարշավն անցկացնում էր Գեղարքունիքի մարզում: Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ կուսակցականները եղել են Մարտունի, Գավառ, Վարդենիս և այլ համայնքներում:
Գավառում քաղաքացիներից մեկը եկել էր «Լուսավոր Հայաստանի» հավաքին և հայտարարում էր, թե հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին այլ թեկնածուի օգտին է քվեարկելու: Էդմոն Մարուքյանը նշեց, թե սա նույնպես ատելության քարոզի, չարության հետևանք է:
«Այ քեզ բան, սա ի՞նչ ձև ա: Սա որերորդ անգամ է տեղի ունենում, մի անգամ չի: Մեկ էլ մեկը հայտնվում է ու ասում՝ պետք է սաղ ընտրեն այսինչին: Եղբայր, դու ընտրում ես, գնա ընտրի, էս ի՞նչ ձևեր ա, չեմ հասկանում»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Կուսակցության նախագահի խոսքով՝ սա գալիս է ղեկավարության վարքագծից: Ըստ նրա, եթե ղեկավարն անդուրություն է քարոզում, հետևորդներն էլ իրենց անդուրի պես են պահում:
«Հունիսի 21-ին սրանք ժողովրդին տանելու են բախումների: Ես պետք է այլ ձևով սկսեի իմ խոսքը, բայց սա էլ առիթ դարձավ, որ բևեռացումը, ծայրահեղությունը մեզ ոչ մի լավ բան չի տալու: Այս ծայրահեղ պայմաններում բանա՞կն ենք վերականգնելու, տնտեսությո՞ւնը, թե՞ ինչն ենք շտկելու»,-հարցրեց Է. Մարուքյանը՝ հավելելով, որ շատ լավ ծրագիր են ներկայացրել, բայց անհնար է այդ ծրագիրն իրականացնել այս պայմաններում:
Մարուքյանի խոսքով՝ իրենք այցելել են Գավառ համերաշխության օրակարգով: Նա ևս մեկ անգամ նշեց, որ հունիսի 21-ից հետո Հայաստանում պետք է ձևավորվի միասնական կառավարություն՝ ընդդեմ մարտահրավերների, որոնք ավելի մեծ են, քան մեր հնարավորությունները:
ԼՀԿ-ն մի կողմ է դրել բոլոր տարաձայնություններն այլ քաղաքական ուժերի հետ և կոչ է անում համախմբվել, իրականացնել բոլոր լավ ծրագրերը:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ ըստ իրենց պատկերացումների՝ քաղաքական գործիչները պետք է մնան խորհրդարանում, իսկ պրոֆեսիոնալները գնան կառավարություն: Հենց այդ պրոֆեսիոնալ մարդկանց կառավարությունն էլ երկիրը դուրս կբերի վատ վիճակից: