tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադին՝ ՍԱՀ-ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Իր հաղորդագրության մեջ Պուտինը նշել է, որ քվեարկության արդյունքները հաստատել են սիրիացի գործընկերոջ «բարձր քաղաքական հեղինակությունը» և նրա հանդեպ ժողովրդի վստահությունը, գրում է «Московский Комсомолец» պարբերականը:
Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել «սիրիացի գործընկերներին բազմակողմանի աջակցություն ցուցաբերել» ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև երկրի քաղաքական կարգավորման և վերականգնման հարցերում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իր հերթին, տեղեկացրել է, որ Պուտինն Ասադի հետ անձամբ հանդիպելու ծրագիր դեռ չունի:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ 2000 թվականից պաշտոնավարող Ասադն ընտրվել է ևս յոթ տարի ժամկետով՝ ստանալով ընտրողների ձայների 95,1 տոկոսը: Սիրիայի նախագահական ընտրությունները կայացել են մայիսի 26-ին։
Ասադի մրցակիցներն էին խորհրդարանի նախկին պատգամավոր Աբդալլահ Սալլիում Աբդալլահը, որը ստացել է ընտրողների ձայների 1,5%-ը, և ընդդիմադիր թեկնածու Մահմուդ Ահմեդ Մուրաին, որը ստացել է ձայների 3,3%-ը։