tert.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է, որ պետք է պատժամիջոցներ կիրառվեն Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի հետ կապված պատասխանատու անձանց նկատմամբ, և կոչ է արել անհապաղ ազատ արձակել լրագրող Ռոման Պրոտասևիչին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Բելառուսում ռեժիմի վրդովեցուցիչ և անօրինական պահվածքը հետևանքներ կունենա: Ryanair-ի ինքնաթիռի առևանգման համար պատասխանատու անձինք պետք է պատժվեն: Լրագրող Ռոման Պրոտասևիչը պետք է անհապաղ ազատ արձակվի», – իր թվիթերյան էջում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Աթենք-Վիլնյուս չվերթը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Հաղորդվել էր, թե օդանավն «ականապատված» է, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:
Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված «NEXTA» թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը: