armenpress.am: Գնաճային միտումները կրում են ժամանակավոր, կարճաժամկետ բնույթը, գնաճը տարեվերջից սկսած կնվազի ու կմոտենա ԿԲ նպատակային 4 տոկոս ցուցանիշին:
Նման վստահություն հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:
«Նախորդ տարեվերջից սկսված ՀՀ-ում արձանագրվում է գնաճի էական արագացում: Գնահատվում է, որ գնաճային միտումները հիմնականում պայմանավորված են միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող և դրամի արժեզրկմամբ դիտարկվող առաջարկի մեկանգամյա գործոններով: Ուստի, այն կրում է ժամանակավոր, կարճաժամկետ բնույթ և տարեվերջից սկսված կնվազի ու կմոտենա մեր նպատակային 4 տոկոս ցուցանիշին»,- ասաց Գալստյանը:
Նա հավելեց, որ չնայած գնաճի և գնաճային սպասումների որոշակի ավելացմանը, դրանք, նաև Կենտրոնական բանկի համարժեք գործողությունների արդյունքում, գնահատվում են կառավարելիության տիրույթում և հիմնականում խարսխված են: Սակայն, դրան զուգահեռ, ԿԲ հարցումների համաձայն՝ հասարակության մոտ ավելացել են գնաճի ապագայի ուղեգծի վերաբերյալ անորոշությունները, ինչը կարող է գնաճային սպասումների ապագա արագացման ռիսկեր առաջացնել: Ուստի ԿԲ դրամավարկային քաղաքականությունը հետևողական է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չնվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքը: