armenpress.am: Թուրքիան հանդես է գալիս պաղեստինցի խաղաղ քաղաքացիների ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար միջազգային ուժերի ստեղծման օգտին։ Այս մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն մայիսի 16-ին հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում պաղեստինցի խաղաղ քաղաքացիների անվտանգության ապահովման համար։ Եվ այդ պատասխանատվության կարևոր մասն ընկած է ԻՀԿ-ի վրա, – ընդգծել է նա իր ելույթի ժամանակ։ – Մենք պետք է աշխատենք Պաղեստինի խաղաղ քաղաքացիներին պաշտպանելու համար միջազգային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2018 թվականի հունիսին ընդունված բանաձեւին համապատասխան։ Այս նախաձեռնությունը պետք է ներառի նաեւ ֆիզիկական պաշտպանություն միջազգային ուժերի ստեղծման միջոցով, որոնք կունենան ռազմական եւ ֆինանսական աջակցություն շահագրգիռ երկրներից»:
Չավուշօղլուի խոսքով՝ «եկել է Պաղեստինի հարցում միասնության եւ վճռականության ժամանակը»: «Իսլամական աշխարհը մեզանից առաջնորդություն է ակնկալում, եւ Թուրքիան պատրաստ է բոլոր անհրաժեշտ քայլերին», – հավելել է նա: