Այս գիշեր հակառակորդը Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքով առաջացել է դեպի Գորիսի Վերիշեն բնակավայրի վարչական տարածք՝ լճի տարածքը վերցնելով իր հսկողության տակ։ Այս մասին Infocom-ի հետ զրուցում ասաց Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյանը։
Նա նշեց, որ մինչեւ այս գիշեր՝ լճի միայն 30 տոկոսն է եղել հակառակորդի հսկողության տակ։
Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի հակառակորդը հետ քաշվի․ տարածքում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, համայնքապետը պատրաստվում է միանալ նրանց։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։