«Հայփոստ»-ը հերքում է կրճատումների մասին լուրերը

«Հայփոստ»-ը հաղորդագրություն է տարածել, որով հերքել է տարածվող լուրերը կրճատումների մասին:

«Տեղեկացնում ենք, որ շրջանառվող լուրերը իբրև Հայփոստում կրճատումներ են իրականացվում, չեն համապատասխանում իրականությանը:  Հակառակը՝ այս պահի դրությամբ ընկերությունը համալրում է իր թիմը։

Հայփոստի կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու հասարակական պահանջարկը բավարարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընկերությունը պարբերաբար անցկացնում է գիտելիքների ստուգում (ատեստավորում)՝ թեստերի միջոցով աշխատակիցների մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատելու նպատակով։  Ոչ բավարար արդյունք ունեցող և ազատման ենթակա աշխատակիցների տվյալներն ընկերության կողմից դեռ չեն ամփոփվել, ուստի  զանազան ամբիոններից հնչող աշխատողի ազատման մասին տարբեր թվերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն:

Ի դեպ, հայտնում ենք, որ գիտելիքների ստուգման հերթական գործընթացը տևելու է մինչև ընթացիկ տարվա վերջ: 

Նաև նշենք, որ թափուր աշխատատեղերն ընկերությունում մշտապես համալրվում են ընդհանուր հիմունքներով՝ ընկերության հաստիքների մասին  հայտարարագրմամբ՝ մրցութային կարգով։ Թափուր հաստիքների մասին  հայտարարությունները հրապարակվում են Հայփոստի կայքէջում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում:

Հարկ ենք համարում նշել, որ Հայփոստը առևտրային կազմակերպություն է, որը գործում է կորպորատիվ կառավարման սկզբունքներով, իսկ  ընկերության որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով ձևավորված կառավարման մարմինների կողմից: Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է և խոշոր գործատուներից մեկը, որը ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք և ավելի քան 3000 աշխատակից:

Տեղեկացնում ենք նաև, որ աշխատակիցների գիտելիքների ստուգման համար կազմված հարցաթերթիկներում ընդգրկվում են բացառապես այն հարցերը, որոնք թույլ են տալիս գնահատել աշխատողի մասնագիտական ունակությունների մակարդակը։ Գիտելիքների ստուգման (ատեստավորման) գործընթացը պարունակում է հետևյալ փուլերը.

  • Բոլոր աշխատողները գրավոր կարգով իրազեկվում են իրենց աշխատանքային պարտականությունները կազմող ներքին կանոնակարգերի մասին,
  • Աշխատակիցները պարբերաբար և բոլոր թեմաների վերաբերյալ անցնում են ուսուցման գործընթաց, որը կազմակերպվում է ընկերության կողմից՝ համապատասխան հարմարեցված ուսուցման կենտրոնում կամ հեռավար կարգով,
  • Ուսուցման գործընթացներին հաջորդում է գիտելիքների ստուգման գործընթացը, որի շրջանակում աշխատողները նախապես տեղեկացվում են գիտելիքների ստուգման օրվա, վայրի և ժամանակի մասին և վերջիններիս տրամադրվում է գիտելիքների ստուգման թեմաներն ու նյութերը,
  • Գիտելիքների ստուգման գործընթացը արձանագրվում և տեսաձայնագրվում է,
  • Գիտելիքների ստուգման գործընթացի արդյունքներով 70-79 տոկոս հավաքած աշխատակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու երկրորդ փուլի, իսկ մինչև 70 տոկոս հավաքած աշխատողների հետ հետագա աշխատանքի հարցերը քննարկվում և լուծվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Մինչև 70 տոկոս արդյունքի պարագայում աշխատողը հնարավորություն չի ունենա պատշաճորեն կատարելու իր աշխատանքային պարտավորությունները և իրականացնելու հաճախորդների սպասարկում:      

Ցանկանում ենք ևս մեկ անգամ նշել, որ ոչ մասնագիտական և աշխատակցի կողմից կատարվող գործառույթների հետ կապ չունեցող հարցեր թեստերում չեն ընգրկվում։ Ամեն հերթական ատեստավորման համար կազմվող հարցաշարերը ընդգրկում են ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումներով պայմանավորված, այդ պահի դրությամբ ընկերությունում գործող համապատասխան ընթացակարգերից բխող հարցեր»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով