1lurer.am: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:
Նշենք՝ մայիսի 6-ին խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել էր օրենսդրական փաթեթը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:
Հիմնական և հարակից զեկուցողներ Համազասպ Դանիելյանը և Վահագն Հովակիմյանը ներկայացրել են պարզաբանումներ նախագծի ուժի մեջ մտնելու գործընթացի վերաբերյալ:
Նախագծով նախատեսված ամենավերջին կարգավորումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից և վերաբերում է նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին փոխանցելու գործառույթի առումով:
Հրապարակվելուց 30 օր անց ուժի մեջ կմտնեն դրույթներ, որոնցով կկանոնակարգվեն աշնանը նախատեսվող ՏԻՄ ընտրությունների գործընթացը: Համապետական ընտրությունների կազմակերպմանը վերաբերող կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից:
Այսօր՝ ժամը 18.30-ին, ԱԺ արտահերթ նիստում տեղի կունենա նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը: