armtimes.com: «Հերիք եղավ, բոլ եղավ, չի կարելի ազգային անվտանգության հարցերը դարձնել միջանձնային հարաբերությունները պարզելու բան». ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Ըստ նրա՝ բոլորս շահագրգռված ենք՝ սկսած սովորական մշակից, ավարտած Հանրապետության նախագահով, վարչապետով, Կառավարությունով, ընդդիմությամբ, ապահովել երկրի անվտանգությունը, բայց երկրի անվտանգությունը ապահովելու համար պետք է գործով զբաղվել, ոչ թե այս կամ այն կերպ մանիպուլյատիվ դատողություններ անել, ինչը ավելի է վտանգում երկիրը:
«Ցանկացած տեսակի արտահայտություն, որն իր բնույթվ ոչինչ չի տալիս, այլ երկրի պաշտպանունակությունն է թուլացնում, անընդունելի է: Չափազանց կարեւոր է երկրի պաշտպանության համար ներքին կոնսոլիդացիան, առնվազն այն հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են երկրի պաշտպանունակությանը:
Ելնելով այն իրավիճակից, որ հարեւան երկրների դիկտատորները անում են ամեն ինչ, որպեսզի ապակայունացվի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, որ ավելի մեծ դիվիդենտներ ստանան, դրան զուգհահեռ երբ լսում ես ինչ-որ արտահայտություններ, որոնք հավատացեք ոչ մի անվտանգային հարց չեն լուծում, այլ մեծացնում են այդ կոնսոլիդացիայի բացակայությունը, անընդունելի է ինձ համար:
Մի փորձեք թուլացնել բանակը, մի փորձեք նսեմացնել ՀՀ զինված ուժերը, մի փորձեք նսեմացնել այն հերոսությունը, որ ՀՀ զինված ուժերը կատարել են Հայաստանի ձեւավորումից հետո»,- հայտարարեց Վարդանյանը:
Հարցին, թե ո՞ր շրջանակներին նկատի ունենալով է այդ ամենն ասում, հանձնաժողովի նախագահը հստակեցրեց.
«Ասում եմ այն սուբյեկտներին, որոնք արհեստականորեն փորձում են բարձրացնել խնդիրներ, որոնք կապված են ոչ թե անվտանգության հետ, այլ այս նախընտրական փուլում դիվիդենտներ շահելով»:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը լրագրողներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձավ նաեւ ադրբեջանական պաշտոնյաներից մեկի այն հայտարարությանը, թե Ստեփանակերտը կարող է անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ: Այդ հայտարարությանը արձագանքել էր նաեւ Արցախի նախկին ՄԻՊ-ը: «Ո՞նց կարող է Ստեփանակերտն անցնել Ադրբեջանի վերահսկողության ներքո, ձեր այս հարցերը հիմա լսում են Բաքվում, ոգեշնչվում են. ո՛չ նման բան չկա», – ասաց Վարդանյանը: