Երեկ Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի երկրորդ նիստը։
Նիստի ընթացքում հաստատվել է հասարակական խորհրդի աշխատակարգը, խորհրդի կազմում առանձին ոլորտային աշխատանքային խմբերի կազմերը, ընտրվեցին դրանք համակարգողներ։
Քննարկվել են նախորդ նիստից հետո կատարած աշխատանքն ու գույքագրած խնդիրները։
«Ընդերք» աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վիկտորիա Բուռնազյանը հանդես է եկել «Հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները՝ հիմնված «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի արդյունքների վրա» զեկույցով։ Զեկույցից հետո նախարար Ռոմանոս Պետրոսյանը խնդրել է պաշտոնական նամակով Շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրել ուսումնասիրության արդյունքները և ողջ փաստական տվյալները՝ դրանց հետագա ընթացք տալու նպատակով։
Նիստի օրակարգային հարցերից զատ, խորհրդի անդամների հետ անդրադարձ է կատարվել բնապահպանական խնդիրների լայն շրջանակի` ոլորտի օրենսդրական բարեփոխումներից մինչև հանքարդյունաբերություն։ Անդրադարձ է կատարվել նաև Ամուլսարի խնդրին։
Նախարարը խորհրդի անդամներին ներկայացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մշակման և ՇՄԱԳ գործընթացում փոփոխությունների ընթացիկ փուլի մասին տվյալներ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախքան օրենքը շահագրգիռ բոլոր կողմերի և հանրային լայն քննարկումների ներկայացնելը, խորհրդի արտահերթ նիստ հրավիրել և խորհրդատվական քննարկում անցկացնել։