tert.am: Սերժ Սարգսյանը, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում անդրադարձել է 2018թ. ապրիլյան իրադարձություններին, անդրադարձել է նաև ՀՀ չորրորդ նախագահին:
– Ինչու՞ Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի Հանրապետության նախագահ:
– Արմեն Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ, որովհետև, իմ պատկերացումներով, նա ուներ բոլոր հնարավորությունները լինելու Հայաստանի Հանրապետության նախագահ՝ իր ունակություններով, գիտելիքներով, կարողություններով` արժևորելու այդ ինստիտուտը, որովհետև նորություն էր այդ ինստիտուտը, և նա կարող էր մեծ օգուտ բերել մեր երկրին: Ես վստահ եմ, որ Արմեն Սարգսյան-Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան եռանկյունին Հայաստանի համար մեծ օգուտներ կբերեր: Բայց, ինչպես ասում են, ոչ ոք իդեալական չէ, և մարդը սովորական պայմաններում կարող է շատ արդյունավետ գործել, լինել շատ պատվախնդիր, բարոյական, իսկ իմ խորին համոզմամբ, մարդու էությունը դրսևորվում է էքսցեսների ժամանակ, կրիտիկական իրավիճակներում։ Ցավոք սրտի, այդ դժվար իրավիճակում Արմեն Սարգսյանը չկարողացավ իրեն դրսևորել, որովհետև գտնվում էր, կարծում եմ, շատ նսեմացված վիճակում: Նրան, բնականաբար, փորձեցին ենթարկեցնել …
– Եվ ստացվեց:
– Եվ ստացվեց: Շատ-շատ ափսոսում եմ, և շատ ամոթ է:
– Շատ է խոսում Արմեն Սարգսյանը լիազորությունների բացակայության մասին: Գիտեք, ինձ համար մի քիչ ծիծաղելի է դրա մասին լսել: Պարո՛ն նախագահ, ի՞նչ է կատարվում մարդկանց հետ, կոնկրետ Արմեն Սարգսյանի հետ, երբ նրանք գալիս են իշխանության, որ հանդուրժում են այդ նվաստացումը: Ի՞նչն է ստիպում Արմեն Սարգսյանին՝ ուղղակի չթքել պաշտոնի վրա ու հեռանալ:
– Ես, բնականաբար, կդժվարանամ այդ հարցին պատասխանել, և այդ հարցերը երևի պետք է ուղղել հենց Արմեն Սարգսյանին:
Ինչ վերաբերում է լիազորություններին՝ նախ, պետք է ասեմ, որ լիազորությունները բավարար են, որպեսզի արժևորվի այդ ինստիտուտը: Ես դրան չեմ ուզում անդրադառնալ: Բայց, երբ Արմեն Սարգսյանն առաջարկ ստացավ ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ, քաջածանոթ էր Սահմանադրությանը, նա քաջածանոթ էր խորհրդարանական երկրի նախագահի լիազորություններին և բացարձակապես որևէ ակնարկ անգամ ես չեմ լսել այդ մասին: Եղել են հրապարակային հանդիպումներ, բոլորը տեսել են, եղել է ոչ հրապարակային հանդիպում, և ոչ մեկ հատ, և նորից եմ կրկնում` որևէ ակնարկ այդ մասին չի եղել: Առաջարկը ստանալուց հետո նա, իհարկե, շնորհակալություն է հայտնել և ասել է, որ իրեն որոշակի ժամանակ է պետք մտածելու, մարդկանց հետ հանդիպելու, որպեսզի իր վերջնական կարծիքը հայտնի: Եվ նա մտածել է՝ ոչ մեկ օր, հանդիպել է մարդկանց հետ, քաղաքական շրջանակաների, իր կողմից հարգված մարդկանց հետ, այնուհետև եկել է և ասել, որ մեծ շնորհակալությամբ համաձայնվում է, ինքը պատրաստ է ընտրվել ՀՀ նախագահ:
Ես կարծում եմ, որ լիազորությունների մասին պետք չէ խոսել, որովհետև դա վերաբերում է զուտ Սահմանադրությանը, և երբևէ առիթ կլինի, ես իմ կարծիքը կասեմ: Նա ունի բոլոր, բոլոր լիազորությունները: Բա եթե ինքը լիազորություններ չունի, ինչու՞ լիազորությունների մի մասը զիջեց խորհրդարանին:
– Պարո՛ն նախագահ, Արմեն Սարգսյանի բրիտանական քաղաքացիության հարցը շատ է քննարկվում, քննարկվել։ Դուք եղել եք երկրի ղեկավար, նաև հատուկ ծառայությունների ղեկավար, վերջիվերջո, Արմեն Սարգսյանն ունի՞ բրիտանական քաղաքացիություն, թե՞ ոչ:
– Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև ոչ միայն նրա համար, որ ես իրեն ուղիղ եմ հարցրել, և ինքն ասել է, որ վաղուց հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից, այլ նաև մեր պատկան մարմիններից ես որևէ ահազանգ այդ մասով չեմ ստացել: Կամ, եթե այդպիսի բան է եղել, ինչո՞ւ այսօրվա իշխանություններն այդ փաստը մեջտեղ չեն բերում ոչ թե գոնե Արմեն Սարգսյանին կշտամբելու, այլ ինձ կշտամբելու համար:
Շարունակությունը կարդացեք tert.am-ում։