Արցախի Կարմիր շուկա համայնքում մեկնարկել են ավելի քան 100 բնակարանանոց նոր թաղամասի շինարարական աշխատանքները։
«Երկու օր առաջ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ միասին այցելել ենք Թաղավարդ ու Կարմիր շուկա համայնքներ: Ծանոթացել ենք գյուղերի անվտանգային պայմաններին, տեղահանվածների հիմնախնդիրներին և զրույցներ ենք ունեցել մի խումբ բնակիչների հետ:
Շփումների արդյունքում մեզ համար ավելի հստակ են դարձել առկա հիմնախնդիրներն ու բնակիչների մտահոգությունները, ես նրանց եմ փոխանցել տարբեր հարցերի շուրջ գործադիր իշխանության մոտեցումներն ու առաջիկա ծրագրերը: Ուրախալի էր արձանագրել, որ առկա մտահոգությունների ու մարտահրավերների պայմաններում գրեթե ոչ մի դատարկ տուն չկար, և տեղի բնակիչները շարունակում են կյանքը պլանավորել հայրենի գյուղերում»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
Բեգլարյանը նշել է՝ ամենակարևոր նորությունն այն էր, որ Կարմիր շուկա համայնքում արդեն մեկնարկել են տեղահանվածների համար կառուցվող՝ ավելի քան 100 բնակարանանոց նոր թաղամասի շինարարական աշխատանքները:
Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ բետոնային հիմքերի կառուցմանը զուգահեռ արագորեն տեղադրվելու են արագ հավաքովի տներ, և, հույս հայտնել, որ կարճ ժամկետում թաղամասը պատրաստ կլինի բնակեցվելու համար: