armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազգային ժողովը 79 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը:
Պետաիրավական հանձնաժողովի նիստում նախագծի զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ նախագծում կատարվել են մի քանի փոփոխություններ:
Մասնավորապես՝ նախագծից հանվել է 154.10-րդ հոդվածը, այն է՝ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելը, ինչի համար նախատեսվում էր պատիժ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով: Հովակիմյանը հավելեց, որ որոշում է կայացրել տվյալ հոդվածը հանել տարընթերցումներից խուսափելու համար:
Վահագն Հովակիմյանը հավելեց, որ մնացած փոփոխությունները տեխնիկական են:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծում էլ Հովակիմյանը նշեց, որ ավելացում է արվել: Մասնավորապես համացանցում քարոզարշավի կամ քարոզչության համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզարշավ անելու դեպքում նույնպես կլինի վարչական տույժ, ինչը ներկայիս կարգավորումներում բացակայում էր, և լռության օրը համացանցում քարոզչություն իրականացնելու դեպքում վարչական տույժ նախատեսված չէ:
«Իմ քայլ»-ի պատգամավորն ասաց, որ Քաղաքացիության մասին օրենքում էլ կատարվել են միայն տեխնիկական շտկումներ:
Քննարկումից հետո Պետաիրավական հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթի լրամշակված տարբերակին: