azatutyun.am: Ուկրաինական բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի հետ մղել հարձակումը։ Նախօրեին՝ Ղրիմի թերակղզուն սահմանակից շրջաններ այցի ժամանակ, նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այցի ընթացքում նա շփվել է Խերսոնի մարզում՝ Ղրիմի վարչական սահմանի երկայնքով տեղակայված ուկրաինական ստորաբաժանումների զինծառայողների հետ։
«Առաջնագծում գտնվող ստորաբաժանումների, ինչպես նաև պահեստազորի զինծառայողների կարողությունների ստուգումը շատ կարևոր է։ Խոսքը նաև զորքերի տեխնիկական կարողությունների և զինվորականների հոգեվիճակի մասին է։ Թեև [ռուսական] զորքերը սկսել են հետ քաշվել, այնուհանդերձ, մեր ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի վերադառնալ սահմանների պաշտպանությանը», – հայտարարում էր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի այցը երկրի հարավային շրջաններ մեկնարկել է ռուսական զորքերի՝ Ուկրաինայի սահմանից հետքաշմանը զուգահեռ։