hetq.am: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատշաճ կերպով չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։
«Սա այն կետն է, որին Թուրքիային հասցրել է ոչ կոմպետենտ վարչակազմը։ Բայդենի հայտարարությունից հետո Էրդողանը լռում էր երեք օր։ Ոմանք սպասում էին, որ Էրդողանն ի պատասխան առյուծի պես կմռնչա, և բոլորը նրան կլսեն։ Բայց նա խոսեց կատվի նման»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն։
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը, Էրդողանին մեղադրելով հստակ արտաքին քաղաքականության բացակայության մեջ, նշել է, որ արտաքին քաղաքականության մեջ Էրդողանը անում է այն, ինչ ցանկանում է։ «Իմաստ չկա բարկանալ Բայդենի վրա, ավելի լավ է նայեք ձեզ»,- նշել է Քըլըչդարօղլուն։ Թուրք քաղաքական գործիչը 1915 թվականի իրադարձություններն անվանել է «ցավոտ և, եթե պետք է, դրանք պետք է ուսումնասիրվեն»։ Նա շարունակել է պնդել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական արտաքին քաղաքականության այն թեզը, որ դրանով պետք է զբաղվեն պատմաբանները՝ դարձյալ կոչ անելով Հայաստանին բացել արխիվները։