ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Ողջունելով ճանաչողական այցով մարզ այցելած դեսպանին՝ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է Շիրակի մարզը՝ նշելով, որ դեսպանն այստեղ, մասնավորապես, Գյումրիում շատ տեսնելու բան կգտնի, քանզի պահպանվել է 19 դարի քաղաքային կոլորիտը, հետաքրքիր ու տեսարժան վայրեր կան մարզի շատ բնակավայրերում։
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին ու դրանց ամրապնդմանը՝ Հովհաննես Հարությունյանն ընդգծել է մարզային իշխանությունների պատրաստակամությունը ապակենտրոնացված համագործակցության առումով: «Դուք Հայաստանի հյուրասեր ու հումորով աչքի ընկնող մարզում եք, որը մեծ ներուժ ունի, մենք պատրաստ ենք համագործակցության և ուրախ կլինենք, եթե մեր երկու բարեկամ երկրների կապերը խորանան ապակենտրոնացված ֆորմատով, խոսքս ինչպես տնտեսական, այնպես էլ այլ բնագավառներում համագործակցությանն է վերաբերում։ Ես ուրախ կլինեմ, եթե կարողանանք հստակ մեր անելիքների քարտեզ նախանշենք և կարողանանք գործնական քայլեր իրականացնել»,- Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին է դիմել մարզպետը։
Դեսպան Ալեքսանդր Կոնյուկը մարզպետին շնորհակալություն է հայտնել ջերմ և անմիջական ընդունելության համար՝ նշելով, որ հատկապես տպավորված է մարզային իշխանությունների պատրաստակամությամբ․ «Հարգարժան Հովհաննես Ավետիքի, շատ ուրախ եմ, երբ տեսնում եմ նախաձեռնողականություն, այս դեպքում գործնական քայլերի մասին խոսելն իսկապես հեշտ կլինի։ Մենք ևս պատրաստ ենք բազմակողմ ձևաչափով համագործակցության, Հայաստանի և Բելառուսի, մեր երկու ժողովուրդների միջև առկա է սերտ փոխգործակցություն և մենք այդ գործակցության խորացման ու սերտացման կողմնակից ենք»,-ասել է դեսպանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա անելիքների, համատեղ աշխատանքային նախագծերի ու գործունեության քարտեզ մշակելու շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով երկուստեք ջանքեր չխնայել հարաբերությունների խորացման առկա ներուժը ճիշտ օգտագործելու համար։