factor.am: ԵԽԽՎ-ում ՌԴ խորհրդարանական պատվիրակության անդամ, պատգամավոր Սերգեյ Պախոմովն իր ինստագրամյան էջում օգտատերերից մեկի հարցին ի պատասխան՝ կրկին անդրադարձել է հայ գերիների հարցով ռուս պատգամավորների քվեարկության թեմային։
Հիշեցնենք՝ ավելի վաղ պատգամավորին օգտատերերից մեկը հարցրել էր, թե ինչո՞ւ է դեմ քվեարկել հայ գերիների հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ ներառելուն, ինչին ի պատասխան՝ Պախոմովը նշել էր, թե տեխնիկական խափանում է եղել։
«Այդ հարցի քվեարկության ընթացքում տեխնիկական խափանում է եղել ամբողջ պատվիրակության մոտ։ Մենք նույնպես չենք հավատում պատահականություններին։ Համապատասխանաբար դիմել ենք»,- գրել էր պատգամավորը։
Հիմա էլ օգտատերը գրել է, որ հրապարակի իր դիմումը, ինչին Պախոմովը պատասխանել է․ «Այո՛, մենք ամբողջ պատվիրակությամբ ձեռնպահ ենք եղել։ Ի՞նչն է ձեզ անհանգստացնում։ Նայեք հարցի ամբողջական տեքստին, որի համար ընթանում էր քվեարկությունը, և ոչ թե նրանից մի նախադասություն հանեք։ Եթե դուք գտնում եք, որ դա խաչ է քաշում նրա վրա, ինչ անում է Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ, ձեր իրավունքն է»: