armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համագործակցելով ներդրողների հետ, նախատեսում է մի շարք մշակութային հուշարձաններ ամրակայել ու վերականգնել:
Ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ասաց, որ 2020-ին պետական միջոցներով վերականգնել են Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքը, Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը, որը ժամանակին ենթարկվել էր վանդալիզմի և վնասվել: Այն տեղադրվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում:
Մասնակի ամրակայվել և վերականգնվել է Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Աշխատանքների ընթացքում ավելի վաղ շրջանի եկեղեցու հիմքեր են հայտնաբերվել, և վերականգնման աշխատանքները ժամանակավոր կասեցվել են՝ նախագիծը վերամշակելու համար:
«Վերականգնվել է Սյունիքի մարզի Բնունիս համայնքի եկեղեցին, և այս տարի կիրականացվեն եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքները: Պետական միջոցներով պատվիրվել են հուշարձանների վերականգնման մի շարք նախագծեր: Անդրադառնալու ենք Մարմաշենի եկեղեցու ջրամեկուսացման նախագծին, Շատիվանքի վանական համալիրի վերականգնման նախագծին և Ագարակ հնավայրի ամրակայման ու թանգարանացման նախագծին»,-նշեց Վանյանը:
Նրա խոսքով՝ ունենք հսկայական մշակութային ժառանգություն և բազմաթիվ հուշարձաններ, որոնց վերականգնման ամբողջ բեռը պետությունը չի կարող միայնակ կրել, և նախարարությունը հնարավորություններ է փնտրում համագործակցել ներդրողների, բարերարների, հասարակական կազմակերպությունների, այլ շահագրգիռ կողմերի ու կազմակերպությունների հետ:
«Այս առումով ունենք բազմաթիվ հաջողված փորձեր: 2020-ին փոխգործակցության հուշագրի հիման վրա սկսվել են Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Օրեր անց կսկսվեն Վարագավանք վանական համալիրի գավիթներից մեկի վերականգնման աշխատանքները, և այդ գործընթացը շարունակական կլինի: Նախնական պայմանավորվածություն կա մի շարք հուշարձանների վերականգնման, ամրակայման, տարածքների բարեկարգման հետ կապված: Դրանցից են Երևանի Կարմիր կամուրջը, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքը, Պտղնու տաճարը, Ավանի մատուռներից մեկը և այլն»,- բ շեշտեց վարչության պետը:
Մասնավոր ներդրողների հետ համագործակցության պարագայում անհրաժեշտության դեպքում նախարարության մասնագետներն իրականացնում են անվճար նախագծային աշխատանքներ, որ թեթևացնեն ներդրողների ֆինանսական բեռն ու հնարավորինս արագ կազմակերպեն թղթարարական գործընթացները:
«2021-ին նախատեսված է մի քանի նոր նախագծի իրականացում, որոնք հետագայում կվերականգնվեն, օրինակ՝ Գնդեվազի եկեղեցու որմնանկարը, Սուրբ Հովհաննես եկեղեցու պարսպապատերը և կից տարածքները: Կարևոր է նաև Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ ճանապարհաշինարարներ Դավիթ Բեջանյանի և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնումը: Ժամանակին այդ քանդակները ևս վանդալիզմի են ենթարկվել ու թալանվել: Կարևոր է ցույց տալ, որ պետությունը տեր է կանգնում իր ժառանգությանը»,-ընդգծեց Հարություն Վանյանը: