Գերեվարված զինվորների ծնողները պարալիզացրել են և Գյումրի-Երևան մայրուղին, և երկաթգիծը. վարչապետից պատասխան են պահանջում |armtimes.com|

armtimes.com: Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են փակ պահել Գյումրի-Երևան մայրուղին Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները, նաև երկաթգիծը: Ոչ մի գնացք ոչ մեկնել, ոչ ժամանել է:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն ասաց, որ գնացքի ճանապարհները փակված են Իսահակյան և Բայանդուր գյուղերի հատվածներում: Գնացքի ռելսերին մեքենաներ են կանգնեցված:

Զինվորների ծնողները հայտարարում են, որ ոչ մի ճանապարհ ոչ մի պայմանով չեն բացի, բացառությամբ, եթե իրենց հետ հանդիպի վարչապետը, կամ մեկը, ով կկարողանա հստակ ու վերջնական ասել, թե երբ կվերադառնան իրենց որդիները:

«Մինչև գիշերը 4-ը եղել ենք Երևան, հրապարակն էինք, ոչ վարչապետը, ոչ ուրիշ մեկը չեկավ տեսնի, թե մենք ինչ եղանք: Սաղ գնացին, հանգիստ քնան: Էսօր էլ հեչ մարդ չի եկել, չի հետաքրքրվել: Երբ որ հանգիստ, նորմալ պայմաններում մեր երեխեքին զինկոմը, ռազմականի պետը վարչապետի հետ հավաքեցին տարան տվեցին թուրքի ձեռը, թող բերեն: Մեր երեխեքը 4 ամիս էլ ընդեղ են, թող տանին իրանց երեխեքին 4 ժամ թողնին հլը թուրքի մոտը, կտանի՞ն, չեն տանի: Սյունիքից մե ոչխարըմ կկորի, ռուս խաղաղապահը վայրկյանական կերտա, ետ կբերե: 120 օր մեր երեխեքը չկան, պետքերը չէ»,-ասաց ծնողներից մեկը:

Հիշեցնենք, որ ճանապարհները փակել են 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները:

Նշենք, որ իրավիճակը սրվեց երկվանից, երբ «Էրեբունի» օդանավակայանում գերիների խմբին սպասող ծնողներին հայտնեցին, որ Բաքվից դատարկ ինքնաթիռ է ժամանել:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը տարածեց մեկնաբանություն, որում ասված էր. «Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով