tert.am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը այսօր մասնակցում էր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հոգեհանգստի արարողությանը։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, որ պատերազմի 4-րդ օրն ինքը ԱԽ նիստում զեկուցել է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին։
«Գլխավոր շտաբի պետը չէր կարող ներկայացնել որևիցե մի զեկույց առանց ինձ հետ համաձայնեցնելու և այսքանով ես ավարտում եմ իմ խոսքը:Ազգային անվտանգության խորհրդի նիստերը պետական գաղտնիք են պարունակում և ես չեմ պատրաստվում պետական գաղտնիք բացահայտել, «Իսկանդեր» կիրառվել է, թե ոչ, դա նույնպես պետական գաղտնիք է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։ Այս հայտարարությունը հերքել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Առավել մանրամասն՝ tert.am-ում։