Արդարադատության նախարարությունն առաջիկա շաբաթների ընթացքում որոշակի պարբերականությամբ կներկայացնի արդարադատության նախարարության՝ նախորդ տարվա ընթացքում քաղաքացիներին առնչվող ոլորտներում արձանագրած ձեռքբերումները։
Նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որը վերաբերում է 2020 թվականի հուլիսի 22-ին Երևանի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործարկված Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակին: Այն բացումից հետո՝ շուրջ հինգ ամիսների ընթացքում (մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31), սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու։
Միասնական գրասենյակում մատուցվում են՝
• Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության,
• Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
• Ազգային արխիվի,
• Սոցիալական ապահովության ծառայության,
• Կադաստրի կոմիտեի,
• Պետական եկամուտների կոմիտեի,
• Միգրացիոն ծառայության,
• Թաղման բյուրոյի շուրջ 97 ծառայություններ։
Նույն վայրում նոտարական ու Անձնագրերի և վիզաների վարչության ծառայությունները՝ շուտով։
Այս կառույցներից միաժամանակ ծառայություններ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել տարբեր հասցեներում գտնվող պետական մարմիններ։
Արդարադատության նախարարությունը նախատեսում է առնվազն մեկական Միասնական գրասենյակներ գործարկել յուրաքանչյուր մարզկենտրոնում (այս պահին Իջևանում այն արդեն գործում է «Հայփոստ»-ի բաժանմունքում (Երևանյան 10)):