hetq.am: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով Սյունիքի մարզում վնասվել է 142 շենք-շինություն: Նշված տները վնասվել են Դավիթ Բեկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերում: Այս տեղեկատվությունը փոխանցեցին Սյունիքի մարզպետարանից:
Ամենաշատ տները վնասվել են Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում: Վնասվել են 93 տուն, շենք-շինություն՝ պատճառելով 36 մլն 537 հազար դրամի վնաս: Իսկ Ներքին Խնձորեսկում վնասվել է 49 անշարժ գույք, որի հետևանքով քաղաքացիներին պատճառվել է 13 մլն 605 հազար դրամի վնաս:
Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Աղալոյանը նշեց, որ հիմնականում վնասվել են տների պատուհանների ապակիները, տանիքներն ու պատերը: Գերակշռել են թեթև վնասները:
Այդ է պատճառը, որ քիչ թիվ են կազմում 1 մլն դրամը գերազանցող փոխհատուցումները: Մասնավորապես, Դավիթ Բեկ բնակավայրում 93-ից 11 ընտանիքի փոխհատուցվել է 1 մլն դրամ և ավելի: Ամենամեծ փոխհատուցվող գումարը եղել է 2 մլն 627 հազար դրամ, ամենաքիչը՝ 11 հազար 700 դրամ:
Նույնը նաև Ներքին Խնձորեսկում: Այստեղ 1 մլն դրամից ավելի փոխհատուցման գումար ստացել է 49 ընտանիքից 5-ը: Ամենամեծ փոխհատուցված գումարի չափը կազմել է 1 մլն 731 հազար դրամ, ամենաքիչը՝ 30 հազար դրամ:
Սամվել Աղալոյանն ասաց, որ ներկայացված վնասները չեն ներառում Շուռնուխ և Որոտան բնակավայրերում իրենց տունը կորցրած ընտանիքների գույքային վնասները: Այս բնակավայրերում քաղաքացիները տնից զրկվել են ոչ թե ռմբակոծության հետևանքով, այլ տարածքների ճշգրտման պատճառով:
Պատերազմի օրերին մարզի այլ բնակավայրեր ևս հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի թիրախում: Սակայն, ըստ Ս. Աղալոյանի, քաղաքացիները դրանից անշարժ գույքի մասով վնասներ չեն կրել: Նրա ասելով՝ օրինակ՝ Կոռնիձորի հատվածում արկեր ընկել են, սակայն վնասներ չկան: Նշենք, որ Կոռնիձորը 2016-ից Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր և Քարաշեն գյուղերի հետ խոշորացվել է և այժմ կոչվում է Տեղ համայնք:
Պետությունն ամբողջությամբ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել է քաղաքացիներին պատճառված վնասը: Ըստ Ս. Աղալոյանի՝ փոխհատուցման հարցով Կառավարություն դիմել են երկու անգամ՝ մեկը Նոր տարուց առաջ, մյուսը՝ վերջերս:
Սամվել Աղալոյանն ասաց, որ Դավիթ Բեկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերում անշարժ գույքի վնասները գնահատել են մարզպետարանի աշխատակիցները, սակայն դժգոհություն չեն ստացել քաղաքացիներից:
Մարզպետարանի պաշտոնյան ասաց՝ իրենց համար կարևոր է, որ այդ բնակավայրերից քաղաքացիները դուրս չգան և շարունակեն տեղում ապրել: Այդ է պատճառը, որ վնասների հատուցումն առաջնահերթություն է եղել:
Դավիթ Բեկ բնակավայրի վարչական ղեկավար Բենյամին Պողոսյանն ասաց, որ վնաս կրած բոլոր քաղաքացիները փոխհատուցվել են: Նրա խոսքերով՝ չի եղել տուն, որ վնասվածության պատճառով հնարավոր չլիներ այնտեղ ապրել:
Շարունակությունը՝ hetq.am-ում